Մեկնարկել է «Մենք և մունք» հումանիտար ծրագիրը

Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում մեկնարկել է «Մենք և մունք» հումանիտար սոցիալական ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել Արցախից տեղահանված բնակչության ինտեգրմանը իրենց նոր բնակավայրերում, աջակցել նրանց հոգեբանորեն և օգնել շարժվել առաջ:

Հայաստանի միանգամից երեք մարզերում՝ Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, մեկնարկել է «Մենք և մունք» հումանիտար սոցիալական ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել բնակության այս նոր վայրերում Արցախից տեղահանվածների ինտեգրմանը: Արցախցիները սոցիալական բազմաթիվ խնդիրներից բացի ունեն նաև հոգեբանական աջակցության կարիք, որպեսզի կարողանան հաղթահարել նոր կյանք սկսելու դժվարությունները: «Մենք և մունք» ծրագիրը հատկապես կարևորում է արցախցի երիտասարդների երկխոսությունը մարզերի երիտասարդների հետ, քանի որ հենց նրանք են ապագայում իրար հետ համագործակցելու և ստեղծելու նոր արժեքներ: Ծրագրի տևողությունը մեկ տարի է, նախատեսվում է ներգրավվել մինչև 1500 շահառու։

«Մենք և մունք» ծրագիրը բաղկացած է հինգ գործողությունից։ Առաջինը Կրթական երկօրյա արվեստի աշխատարաններն են, որոնց նպատակն է միավորել մարզերի պատանիներին այնտեղ բնակություն հաստատած արցախահայ պատանիների հետ: Թվով 8 Կրթական երկօրյա աշխատարաններին կմասնակցեն 12-18 տարեկան պատանիներ Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և Տավուշից: Նրանք միասին կուսումնասրեն հագուստի դիզայնի և կոլաժային արվեստի բազային գիտելիքները, կծանոթանան լուսանկարչության և բեմական արվեստի նրբություններին: Բանավոր պատմությունների աշխատարանում պատանիները կսովորեն հավաքագրել ազգի կուտակած իմաստությունը, իսկ Բաղադրատոմսերի հավաքագրման աշխատարանը նրանց ուշադրությունը կկենտրոնացնի տարածքին բնորոշ ավանդական ուտեստների վրա: Կրթական երկօրյա արվեստի աշխատարաններում ներառված է նաև Երաժշտական աշխատարան, որտեղ պատանիները կլսեն ու կսովորեն տարանջատել հայկական երգն ու մեղեդին:   

Երկու օր և օրական 1 ժամ տևողությամբ դասընթացները վարելու են տվյալ ոլորտի արհեստավարժ մասնագետները։ Այդ ընթացքում ստեղծված համատեղ աշխատանքները ցուցադրվելու են ծրագրի վեբ-կայքում և 2025 թվականին նախատեսվող ամառային ճամբարի ընթացքում։ Ակնկալվում է, որ աշխատարաններին կմասնակցի ավելի քան 200 պատանի։

Ամառային ճամբարը «Մենք և մունք» ծրագրի երկրորդ ուղղությունն է: Այն խոստանում է լինել անմոռանալի մասնակից պատանիների համար: Ճամբարը տևելու է մեկ շաբաթ և ներգրավելու մոտ 180 պատանիների Արցախից, Սյունիքի, Տավուշի և  Գեղարքունիքի մարզերից: Ջոկատավարները կանցկացնեն հաղորդակցության, հոգեկրթության դասընթացներ, որոնք կհամեմվեն հոգեբանական խաղերով։ Ճամբարն ունենալու է կրթական բնույթ՝ միավորելով կրթական բաղադրիչը՝ ինտերակտիվ ժամանցային խաղերի հետ։

«Մենք և մունք» ծրագրի հաջորդ՝ կարևոր ուղղությունը Համայնքային միջոցառումներն են: Այն մեծապես միտված է սոցիալական ինտեգրացիային: Արցախից տեղահանված կանայք և և իրենց երեխաները կմասնակցեն կարուձևի վարպետության դասի իրենց երեխաների հետ, միասին կվերհիշեն կամ կսովորեն աշխատել թել ու ասեղի հետ: Ընդհանուր սեղանին փռված սփռոցը նրանք կզարդարեն իրենց նախասիրությամբ՝ արդյունքում ստանալով համատեղ պաննո: Հոգեթերապևտիկ այս աշխատարանի ընթացքում կհնչի ազգային երգ, ելույթ կունենան տեղի երաժիշտներն ու բենդերը: Իսկ միջոցառման ավարտին մասնակից բոլոր կանայք նվեր կստանան արտասահման կարի մեքենաներ՝ որպես իրենց կենցաղային հոգսերը թեթևացնելու կամ էլ հավելյալ եկամուտ ստեղծելու միջոց:  
Համայնքային թվով վեց միջոցառումները կունենան 12-90 տարեկան առնվազն 60 մասնակից։

Արցախից տեղահանված, ինչպես նաև ամբողջ հայ ժողովրդին պատերազմի ծանր վերքերը հաղթահարելու համար կգործարկվի ևս մեկ ուղղություն՝ Հոգեկրթության փոդքաստը: Փոդքաստ-զրույցներիի մասնակից ոլորտի լավագույն հոգեբանների հետ կփորձենք մեղմել անձնական կորուստների ցավը, կսովորենք կառավարել սթրեսը և ուղղել մեր մեջքը, որպեսզի շարունակենք ապրել նոր իրականությամբ և նոր նպատակներով։ Փոդքասթները կտեղադրվեն ծրագրի պաշտոնական Youtube-յան ալիքում և կայքում, ինչպես նաև սոցիալական այլ հարթակներում՝ ապահովելով լայն տարածում։ 

«Մենք և մունք» ծրագրի հինգերորդ բաղադրիչը արցախյան սկսնակ բիզնեսներին աջակցելն է: Պատերազմից և բռնի տեղահանվելուց հետո Հայաստանում իրենց բիզնեսը հիմնած արցախցիներից շատերն են առնչվել տեղի բիզնես միջավայրի դժվարությունների հետ: Նրանց համար չափազանց կարևոր այս աջակցությունը  կօգնի նախևառաջ գրագետ ներկայացնել և վաճառել իրենց ստեղծած պրոդուկտները կամ ծառայությունները։ Աջակցությունը ներառելու է կարճ դասընթաց ձեռներեցութան հիմունքների և վաճառքների կազմակերպման մասին, անհատական բիզնես խորհրդատվություն, ինչպես նաև Ամանորի տոնավաճառներին և ցուցահանդեսներին մասնակցություն: Սկսնակ բիզնեսներին սատարող այս ծրագիրը ներգրավելու է մոտ 37 շահառու։ 

«Մենք և մունք» ծրագրի այս հինգ ուղղություններն էլ ծառայում են մեկ ընդհանուր գաղափարի՝ ինտեգրել արցախահայերին իրենց նոր բանկության վայրերում,աջակցել նրանց հոգեբանորեն և օգնել շարժվել առաջ:


«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։

Ձեզ կարող է հետաքրքրել