Փետրվարի 27- ին , Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհով իրականացվող « Հանրային քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման » ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր – սեղան քննարկում՝ ՀԿ – ների հարկային քաղաքականության մշակման և վարչարարության բարելավման հարցերի շուրջ :
Ծրագիրն իրականացնող «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ ներկայացուցիչ , «Հանրային Քաղաքականությունների մոնիթորինգային և բարելավման ծրագրի» ղեկավար Անահիտ Ղազանչյանն իր ողջույնի խոսքում նշեց , որ ծրագիրը կարծես իրենց կազմակերպության անցած ուղու շարունակությունը լինի . «Այս ծրագիրն ուղղված է քննարկելու , ՀԿ – ներից հավաքագրելու այն բոլոր խնդիրները ու մտահոգությունները , որոնք առկա են , այնուհետև որոշ լուծումներ առաջարկենք կառավարությանը՝ այդ ամենը բարելավելու համար , այսինքն , գործող և ներմուծվող քաղաքականությունները և՛ վերահսկենք , և՛ մշտադիտարկում անցկացնենք»,- նշեց նա :

Անահիտ Ղազանչյանը հույս հայտնեց , որ քննարկման ավարտին ռեալ արդյունքներ կգրանցվեն , ինչը հնարավորություն կտա քաղհասարակության ձայնը լսելի դարձնել :
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար , արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով , որ ծրագրի առանցքը հենց կառուցողական երկխոսության հաստատումն է կառավարության , համայնքային իշխանության և հասարակության միջև :
«Ակնհայտ է , որ առանց համագործակցության , համատեղ աշխատանքի հնարավոր չէ հասնել որևէ արդյունքների : Եթե անգամ պետությունը բավականին լավ նախաձեռնություններով հանդես գա , որոնք չստանան հանրային աջակցություն կամ դրանցում չլինի հանրային մասնակցությունը , ապա պետությանը շատ դժվար կլինի դա իրականացնել : Հասարակությունն էլ կարող է անդադար բարձրաձայնել ինչ – որ խնդիրների վերաբերյալ , անընդհատ դիմել պետական մարմիններին , միջոցառումներ , քննարկումներ , ակցիաներ կազմակերպել , բայց եթե պետությունն իր համապատասխան մարմինների միջոցով չցանկանա այդ խնդիրները լուծել բարեփոխումներ իրականացնել , ապա քաղհասարակությունը չի կարողանա այդ խնդիրն առաջ տանել»,- մանրամասնեց Մարատ Ատովմյանը :

Հասարակական կազմակերպությունների՝ ոչ առևտրային գործունեության արդյունքում առաջացող հնարավոր հարկային ռիսկերը ներկայացրեց ծրագրի փորձագետ Արմեն Պետրոսյանը :
Նա նշեց , որ նախևառաջ հարկավոր է լուծում մշակել՝ Հարկային օրենսգրքում « դրամաշնորհ » տերմինի ընդունելի սահմանման համար : Բացի սրանից , անհրաժեշտ է նաև ծառայությունների / աշխատանքների և դրամաշնորհների տարբերակող հատկանիշների ամրագրումը :
«Ի՞նչ է նշանակում ծառայությունների մատուցումը . մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացում՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ , ( այդ թվում՝ մասնակի հատուցմամբ , կամ դրամաշնորհների , սուբսիդիաների դեպքում հատուցմամբ ) կամ անհատույց : Ամենամեծ խնդիրն առաջացել է հենց այս ձևակերպմամբ , քանի որ նախկին «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում այսպիսի ձևակերպում չկար և ծառայության մատուցումը նախատեսված էր հատուցմամբ կամ մասնակի հատուցմամբ : Այսինքն անհատույց , դրամաշնորհով կամ այլ կերպ փոխհատուցման դրույթ սահմանված չէր : Երբ 2018 թվականի հունավրի 1- ից ուժի մեջ մտավ դրույթը , խնդիր առաջացավ , որովհետև մեծամասամբ պետական մարմինների ներկայացուցիչները պնդում էին , որ դրամաշնորհաները համարվում են ծառայությունների մատուցումներ և անպայման պետք է հարկման ենթարկվեն : Շատ հասարակական կազմակերպություններ էլ պնդում են , որ դրամաշնորհը չի համարվում ծառայությունների մատուցման դիմաց փոխհատուցում , ընդհակառակը , դրանք անհատույց ստացված միջոցներ են համարվում , ինչպրես օրինակ անդամավճարները»,- նշեց Արմեն Պետրոսյանը :

Արմեն Պետրոսյանը նաև ներկայացրեց հարկման հատուկ համակարգերում ( մասնավորապես՝ շրջանառության հարկի համակարգում ) գործելու հնարավորության , եկամտային հարկի հաշվարկման առանձնահատկությունների վերանայման վերաբերյալ առկա խնդիրները :
Հավելենք , որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ – ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ – ի ( Չեխիա ), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ – ի , « Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ – ի , «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ – ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ :

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ( ՔՀԿ ) և դրանց կոալիցիաների / ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին ( ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում ) ձեռք բերել նոր ռեսուրսներ , քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը , հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով ։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ – ներին և ՔՀԿ – ների կոալիցիաներին , որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում , որոնք են արդարադատությունը , մարդու իրավունքները , հանրային ֆինանսների կառավարումը , բիզնեսը , կրթությունը , սոցիալական ոլորտը . հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում , գյուղատնտեսությունը , տնտեսությունը , էներգետիկան:












