Հայաստան – Վրաստան ծրագիր
Գլխավոր » Ծրագրեր » Ավարտված ծրագրեր » Հայաստան – Վրաստան սահմանամերձ համագործակցություն
Հայաստան-Վրաստան սահմանամերձ համագործակցության ծրագիրն աջակցում է Հայաստանի ՝ Սևքար, Բերքաբեր, Կիրանց և Վրաստանի՝ Ծիթելի Սոփելի և Օրջոնոկիձե գյուղերի կարիքավոր ընտանիքներին՝ տրամադրելով այդ ընտանիքներին հղի կովեր (յուրաքանչյուր գյուղում 12 ընտանիք, ընդամենը 60 ընտանիք):

Ընտանիքներին հնարավորություն է ստեղծվում հիմնել ընտանեկան փոքրիկ ֆերմաներ: Ծրագրի բոլոր շահառուները մասնակցում են նաև ժամանակակից ֆերմայի կառավարման և անասնապահության վերաբերյալ տեսական և գործնական դասընթացներին, որից հետո ընտանիքները ստանում են անհրաժեշտ տեխնիկական աջակցություն, ինչը թույլ է տալիս, հետագայում, հիմնել և առաջնորդել նաև սեփական փոքրիկ ֆերմերային բիզնեսը:

Երեք տարի անց ծրագրի առաջնային շահառու ընտանիքները, կրկին նվիրատվության սկզբունքով, 60 հղի կով և դասընթացներից ստացած իրենց գիտելիքները փոխանցում են 60 այլ կարիքավոր ընտանիքի՝ հարակից գյուղերից: Հեյֆեր Ինթերնեյշնլ Հայաստան միջազգային կազմակերպության աջակցությամբ տարբեր տարիքի և սեռի մասնակիցներ կարող են վարել իրենց ֆերման, մասնակցել գյուղատնտեսության դասընթացներին և համայնքային հանդիպումներին: Այս քայլի շնորհիվ ավելանում են մթերքի արտադրության ծավալները, հարստանում է սննդակարգը և սննդակարգի բազմազանությունը:

2008 թ-ին Վրաստանում և Հայաստանում կազմակերպվել են տարածաշրջանային երկու հանդիպում, որոնց մասնակցել են այս ծրագրի բոլոր ակտիվ մասնակիցները: Այս երկու հանդիպումները շատ կարևոր են եղել, քանի որ ծրագրի մասնակիցների միջև տեղի են ունեցել փորձի փոխանակման, գյուղատնտեսության ոլորտի նորարարական մոտեցումների, ֆերմայի կառավարման ժամանակակից մեթոդների, նոր և արժեքավոր գիտելիքների ձեռքբերման գործընթացներ:




