Մենք եվ Մունք

Մենք և մունք

«Մենք և Մունք» հումանիտար ծրագիր

«Մենք և մունք»-ը հումանիտար սոցիալական ծրագիր է՝ միտված աջակցելու Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի սահմանամերձ՝ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակություն հաստատած արցախցիներին։  Ծրագրի նպատակն է նպաստել արցախցիների սոցիալական ինտեգրմանը նոր համայնքներում, տրամադրել նրանց հոգեբանական աջակցություն, համախմբել արցախի և մարզերի երիտասարդներին և պատանիներին, ինչպես նաև՝ խթանել ավագ և պատանի սերունդների միջև երկխոսությունը։ «Մենք և մունք» ծրագիրը բաղկացած է հինգ գործողությունից։ Ծրագրի տևողությունն է՝ 12 ամիս։ Ծրագրին նախատեսված է մինչև 1500 շահառուի ներգրավածություն։ «Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։
հովանավորներ

1. Կրթական երկօրյա աշխատարաններ

«Մենք և մունք» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել թվով 8 կրթական երկօրյա արվեստի աշխատարաններ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Այս նախաձեռնության նպատակն է միավորել մարզերի պատանիներին այնտեղ բնակություն հաստատած արցախահայ պատանիների հետ։ Աշխատարաններին կմասնակցեն 12-18 տարեկան պատանիներ Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և Տավուշից։ 

Նրանք միասին կուսումնասրեն հագուստի դիզայնի և կոլաժային արվեստի բազային գիտելիքները, կծանոթանան լուսանկարչության և բեմական արվեստի նրբություններին: Բանավոր պատմությունների աշխատարանում պատանիները կսովորեն հավաքագրել ազգի կուտակած իմաստությունը, իսկ Բաղադրատոմսերի հավաքագրման աշխատարանը նրանց ուշադրությունը կկենտրոնացնի իրենց տարածքին բնորոշ ավանդական ուտեստների առանձնահատկությունների վրա: Կրթական երկօրյա արվեստի աշխատարաններում ներառված է նաև Երաժշտական աշխատարան, որտեղ պատանիները կլսեն ու կսովորեն տարանջատել հայկական երգն ու մեղեդին:

Երկու օր և օրական 1 ժամ տևողությամբ դասընթացները վարելու են տվյալ ոլորտի արհեստավարժ մասնագետները։ Այդ ընթացքում ստեղծված համատեղ աշխատանքները կցուցադրվեն ծրագրի վեբ-կայքում և 2025 թվականին նախատեսվող ամառային ճամբարի ընթացքում։ Ակնկալվում է, որ աշխատարաններին կմասնակցի ավելի քան 200 պատանի։

2. Ամառային ճամբար

Մեկշաբաթյա ամառային ճամբարը մեկ վայրում միավորելու է մոտ 180 պատանիների Արցախից, Սյունիքի, Տավուշի և  Գեղարքունիքի մարզերից:  

Ճամբարի ընթացքում կանցկացնեն հաղորդակցության, հոգեկրթության դասընթացներ, որոնք կհամեմվեն հոգեբանական խաղերով։ Ճամբարն ունենալու է կրթական բնույթ՝ միավորելով կրթական բաղադրիչը՝ ինտերակտիվ ժամանցային խաղերի հետ։

3. Համայնքային միջոցառումներ՝ արհեստների աշխատարաններ

Համայնքային միջոցառումները մեծապես միտված են արցախցիների սոցիալական ինտեգրացիային: Այս նախաձեռնությանը կմասնակցեն 12-90 տարեկան կանայք Արցախից՝ իրենց երեխաների հետ։Ավագ և պատանի սերունդները կմիավորվեն արհեստների աշխատարանի շուրջ՝ միասին ստեղծագործելու, կարուձևով ու հելունագործությամբ զբաղվելու և պարզապես առօրյա կենցաղային հոգսերից մի փոքր շեղվելու: Աշխատարանները կուղկեցվեն երաժշտությամբ, ինչպես նաև դրանց ավարտին մասնակիցներին կշորհվեն կարի մեքենաներ, որոնք կարող են ոմանց համար ծառայել որպես եկամտի լրացուցիչ աղբյուր։

Թվով վեց համայնքային միջոցառումներին նախատեսվում է առնվազն 60 մասնակից։

4. Հոգեկրթության պոդկաստներ

Հոգեկրթության պոդկաստները միտված են աջակցելու Արցախից տեղահանված, ինչպես նաև ողջ հայությանը՝ հաղթահարելու պատերազմի ծանր վերքերը, անձնական կորուստները, սովորելու կառավարել սթրեսը և ոտքի կանգնելու՝ նոր իրականությամբ և նոր նպատակներով ապրելու համար։

Այս ծրագրի շրջանակում անցկացվելու են պոդկաստ-զրույցներ՝ ոլորտի լավագույն հոգեբանների հետ։ Ձայնագրությունները թվային գրքուկների տեսքով տեղադրվելու են ծրագրի պաշտոնական Youtube-յան ալիքում և կայքում, ինչպես նաև սոցիալական մեդիա հարթակներում՝ ապահովելու լայն տարածում։ Ակնկալվում է, որ հոգեկրթության պոդկաստների այս շարքը կունենա առնվազն 1000 ունկնդիր։

5. Աջակցություն Արցախյան բիզնեսներին

«Մենք և մունք» ծրագրի վերջին բաղադրիչը միտված է աջակցելու Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում գործող արցախցի սկսնակ ձեռներեցներին։ Նրանց համար չափազանց կարևոր այս աջակցությունը  կօգնի նախևառաջ գրագետ ներկայացնել և վաճառել իրենց ստեղծած պրոդուկտները կամ ծառայությունները։ Աջակցությունը ներառելու է կարճ դասընթաց ձեռներեցութան հիմունքների և վաճառքների կազմակերպման մասին, անհատական  բիզնես խորհրդատվություն, ինչպես նաև տարեվերջյան Ամանորյա տոնավաճառներին մասնակցություն։

Սկսնակ բիզնեսներին սատարող այս ծրագիրը ներգրավելու է մոտ 37 շահառու։