«Մենք և մունք» հումանիտար ծրագիրը ներգրավեց ավելի քան 1600 շահառու Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և Տավուշից

Հուլիսի 30-ին Երևանի Ռամադա հյուրանոցի սրահում «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն ներկայացրեց մեկ տարի տևողությամբ «Մենք և Մունք» հումանիտար սոցիալական ծրագրի արդյունքները։ «Մենք և Մունք»-ը հումանիտար սոցիալական ծրագիր էր՝ միտված աջակցելու Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի սահմանամերձ՝ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում բնակություն հաստատած արցախցիներին։ Ծրագիրը մեկնարկել էր 2024 թ.-ի սեպտեմբերին՝ ներգրավելով ավելի քան 1600 շահառու։

«Մենք և մունք»-ի նպատակն էր նպաստել բռնի տեղահանված արցախցիների սոցիալական ինտեգրմանը իրենց բնակության նոր համայնքներում՝ տրամադրելով նրանց հոգեբանական աջակցություն, համախմբելով տեղացի և բռնի տեղահանված երիտասարդներին, ինչպես նաև խթանելով ավագ և պատանի սերունդների միջև երկխոսությունը։ «Մենք դա արեցինք «Մենք և մունք»-ի 5 տարբեր նախաձեռնությունների միջոցով՝ կրթական աշխատարանների, արհեստների աշխատարանների, ամառային ճամբարի, սկսնակ բիզնեսներին աջակցության և «7 ճանապարհ» հոգեբանական նախագծի միջոցով», – նշեց «Զարգացման սկզբունքներ» ՀԿ տնօրեն Անահիտ Ղազանչյանը։

«Մենք և մունք» ծրագրի շրջանակում կայացած կրթական թվով 8 աշխատարանները միտված են եղել արվեստի միջոցով դուրս բերել մասնակից պատանիների էմոցիաները, հույզերը և ինքաարտահայտվելու կարողությունը։ 

Աշխատարանները բազմաժանր էին՝ լուսանկարչությունից մինչև կոլաժային արվեստ, թատերական արվեստից մինչև երգարվեստ։ «Մեր աշխատարաններին մասնակից պատանիները հնարավորություն են ստացել նաև մասնակցելու «Արեգունի» ամառային ճամբարին, որի նպատակն էր համախմբել պատանիներին, օգնել նրանց վստահել սեփական ուժերին, կարողանալ ինքնաարտահայտվել, լինել համարձակ և, իհարկե, ձեռք բերել բազում նոր փորձառություններ»,– ասաց «Մենք և մունք» ծրագրի համակարգող Մարինա Բոյաջյանը։

Հումանիտար ծրագրի մյուս կոմպոնենտները նույնպես հաջողությամբ են պսակվել. «Մենք փորձել ենք աջակցել մեր շահառուներին տարբեր ուղղություններով՝ բիզնեսի առաջխաղացումից մինչև հոգեբանական աջակցություն։ Օրինակ, ծրագրի բիզնես կոմպոնենտը Արցախից տեղահանված սկսնակ ձեռներեցներին սովորեցրել է բիզնեսի հիմունքները, շուկայում ներկայանալու գաղտնիքները և հնարավորություն տվել  մասնակցել ամանորյա տոնավաճառներին։ «7 ճանապարհ» նախագիծը միտված է ուղղորդելու հաղթահարել սթրեսային իրավիճակները, գտնել նորից ապրելու ճանապարհներ,  արհեստների աշխատարանների նպատակն էր նպաստել ավագ և պատանի սերունդների միջև երկխոսությանը և օգնել արցախցի կանանց կտրվել առօրյա հոգսերից», – նշեց «Զարգացման սկզբունքներ» ՀԿ հաղորդակցության մասնագետ Լուսինե Պառավյանը։

Միջոցառումը եզրափակվեց փոքրիկ տոնավաճառով, որտեղ իրենց արտադրանքը ներկայացրեցին «Մենք և Մունք» ծրագրի շահառուները։

Այդ օրը ազդարարվեց նաև «Զարգացման սկզբունքներ» հկ-ի գործունեության 20-ամյակը։ Հայտնի «Շուշիկի» բենդն այդ առթիվ ներկայացրեց իր սքանչելի համերգային ծրագիրը:

«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվել է «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ գերմանական Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ:

Ձեզ կարող է հետաքրքրել