Մոտ 40 պատանիներ Տավուշի մարզից և Արցախից երկու օր շարունակ մասնակցեցին «Մենք և մունք» հումանիտար ծրագրի արվեստի վերջին աշխատարաններին Իջևանում։
Դերասանի վարպետություն, լուսանկարչություն, պատմությունների հավաքագրում և կոլաժային արվեստ աշխատարանների ընթացքում պատանիները ծանոթացան ու ընկերացան:
Աշխատարանների բացումն արեց լուսանկարչության դասընթացը: Պատանիները բաժանվեցին խմբերի և սկսեցին կռահել՝ ինչ է պատկերված էկրանին ցուցադրվող լուսանկարում, որին հաջորդեց արդեն իսկ գործնական աշխատանքը դրսում՝ լույսի ու ստվերի հետ:
Դերասանի վարպետության դասընթացը, որը մշտապես անցնում է անմիջական ու ջերմ մթնոլորտում, այս անգամ էլ միանգամից ներքաշեց բոլորին: Երեխաները թոթափեցին իրենց ընկճվածությունը՝ բեմադրելով տարբեր իրավիճակներ:
Հաջորդ աշխատարանի ընթացքում պատանիները յուրացրեցին բանավոր պատմությունների հավաքագրման հմտությունները, ստացան տեսական գիտելիքներ բանահյուսության վերաբերյալ: Պատանիներն իրար հերթ չտալով պատմում էին իրենց տատիկ-պապիկներից լսած պատմությունները:
Վերջին աշխատարանը նույնպես շատ աշխույժ անցավ, երեխաները սովորեցին ճապոնական օրիգամի բացիկներ պատրաստել: Նրանք նկարազարդեցին իրենց բացիկները, գրեցին սիրո խոստովանություններ կամ պարզապես գծագրեցին սպիտակ թղթի վրա: Վերջնարդյունքում օրիգամիների վրա պատկերվեցին Հայաստանի դրոշն ու Արարատ լեռը, «Այա-դեդոն» ու բազում գույներ, սիրո խոստովանություններ:
Աշխատարանի ջերմ մթնոլորտում ընկերացած իջևանցի ու արցախցի պատանիները, ավանդույթի համաձայն, ստեղծեցին խմբեր սոցմեդիայում՝ հետագայում շփվելու ակնկալիքով:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Hoffnungszeichen | Sign of Hope կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ:



















