Մեկնարկել է «Արեգունի» ամառային ճամբարի մասնակիցների գրանցումը

«Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակում մեկնարկել է «Արեգունի» ամառային ճամբարի գրանցումը 12-18 տարեկան պատանիների համար։
 

«Արեգունի» 7-օրյա ամառային ճամբարը միտված է ապահովելու անվտանգ, ներգրավող և բազմաբովանդակ միջավայր 12-18 տարեկան պատանիների համար։ Ճամբարն առաջարկում է բալանսավորված ծրագիր, որտեղ համադրվում են հոգեկրթական աշխատարանները, ֆիզիկական ակտիվ զբաղմունքները, ստեղծագործական խաղերը ու խմբային ինտերակտիվ փորձառությունները։

Ճամբարին կարող են դիմել 12-18 տարեկան Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում բնակվող Արցախցի և տեղացի պատանիներ։ Ճամբարին մասնակցությունն անվճար է։ 

➡️ Գրանցման հղում՝ https://forms.gle/W9cwagF1q9sq5Mzr6
🕐 Վերջնաժամկետ՝ Մայիսի 20
 

Ճամբարը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ը՝ Աղվերանի Park Resort հանգստյան համալիրում՝ բնության գրկում գտնվող հարմարավետ ու ապահով տարածքում։

Բոլոր մասնակիցներ յոթ օրերի ընթացքում՝

  • կապրեն հյուրանոցային սենյակներում՝ յուրաքանչյուրում 2-3 երեխա՝ ըստ տարիքի և սեռի,  
  • ապահովված կլինեն երեքանգամյա սնունդով՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք։

* Ճամբարի մասնակիցների համար կտրամադրվի կազմակերպված երկկողմանի տեղափոխում Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերից։

Մեկ շաբաթվա ընթացքում ճամբարականները կմասնակցեն տարատեսակ զբաղմունքների, որոնց հիմքում հուզական առողջությունն է, թիմային աշխատանքը և ինքնարտահայտվելու կարողությունը. սպասվում են նաև ֆիզիկական ակտիվ խաղեր՝ թիմ բիլդինգներ, բացօթյա խաղեր, խմբային վարժություններ։ Ծրագիրը ներառում է ինչպես կրթական, այնպես էլ ֆիզիկական աշխատարաններ ու զբաղմունքներ, ստեղծագործական հանդիպումներ, ինտերակտիվ քուեսթ, ինչպես նաև երեկոյան միջոցառումներ՝ ֆիլմերի դիտում, խարույկի շուրջ հավաքներ և տաղանդների բացահայտման երեկո։

Օրակարգ՝

Ճամբարի յուրաքանչյուր օրը ներառում է թեմատիկ աշխատարաններ, խմբային զբաղմունքներ և ազատ ժամանակ։ Վերջինիս ընթացքում ճամբարականները կարող են ընտրել տարատեսակ զբաղմունքներ՝ սպորտային, ձեռագործության և հոգեթերապևտիկ այլ զբաղմունքներ՝ ըստ իրենց նախընտրությունների։

Ճամբարը նախագծված է այնպես, որ խթանի նոր ընկերությունների ձևավորումը, մշակութային փոխանակումը և ինքնաճանաչումը՝ ապահով ու համերաշխ մթնոլորտում։

Ղեկավար կազմ՝

Ճամբարի ողջ ընթացքն ուղեկցվելու է մեծահասակների ղեկավարությամբ և վերահսկողությամբ, որոնց թվում են՝ 

  • Ճամբարի ղեկավար թիմի անդամներ (5-6 հոգի),
  • Աշխատարանների ղեկավարներ (6-7 հոգի),
  • Ջոկատավարներ (4 հոգի՝ յուրաքանչյուր խմբի համար),
  • Բժիշկ, որը ներկա կլինի ճամբարի ողջ ընթացքում,
  • Ուղեկցող ծնողներ (3 մարզերից՝ Գեղարքունիքից, Սյունիքից և Տավուշից, ընդհանուր՝ 5 հոգի)։

Փորձառու մենթորների ու մասնագետների աջակցությամբ ճամբարականները կունենան զարգացնող ու ոգեշնչող փորձառություն՝ վերադառնալով տուն նոր հմտություններով, ջերմ հիշողություններով և ինքնավստահության աճով։

«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Hoffnungszeichen | Sign of Hope կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։

Ձեզ կարող է հետաքրքրել