«Մենք և մունք» ծրագրի 2025թ.-ի առաջին արհեստների աշխատարաննը կայացավ Նոյեմբերյան քաղաքում: Արցախից բռնի տեղահանումից հետո իրենց նոր տունը Տավուշի մարզում գտած 7 կանայք արհեստների աշխատարանի ընթացքում միասին ստեղծագործեցին ու վայելեցին գեղեցիկ երաժշտություն: Մեծ սեղանին փռված կտավի վրա կանայք ասեղնագործեցին ու նկարեցին. գունավոր թելերը նրանց ձեռքերում վերածվեցին ասիմետրիկ պատկերների, դարձան թիթեռնիկներ ու ծաղիկներ: Գույնզգույն մոմամատիտներով կտավի վրա կանանցից յուրաքանչյուրը գրեց իր սրտի բարեմաղթանքներն ու անկեղծ խոստովանութուններ, Արցախի բարբառով բառեր ու աղոթքներ:
Հոգեթերապևտիկ երեկոյի ընթացքում կանայք վերհիշեցին իրենց կյանքն Արցախում, իրենց հողն ու ջուրը, այգին ու քաղաքը, քննարկեցին ներկայիս ապրումներն ու դժվարությունները:
Արցախի Մարտակերտի շրջանից Նոյեմբերյան տեղափոխված Սուսաննա Ղարիբյանը պատմեց, որ մինչև տեղահանումը չգիտեր՝ որն է իրական դժվարությունը. «Պարզվում է՝ քառասուն տարուց ավելի ապրել էի ու չէի էլ պատկերացրել՝ ինչ է նշանակում դժվար ապրել: Լաչինի միջանցքով անցնելուց հետո սկսվեց մեր ծանր շրջանը, որը մինչ այսօր չի ավարտվում»: Նույն Մարտակերտի շրջանից Նոյեմբերյան տեղափոխված Հեղինե Գրիգորյանի խոսքով պետությունն ամեն ինչ անում է, որ չզգան անհարմարություն, սակայն հոգեբանական առումով արցախցիները դեռևս իրենց տեղը չեն գտնում նոր բնակավայրում. «Խնդիրը ոչ այնքան կենցաղային է, որքան հոգեբանական»: «Մենք և մունք» ծրագրի այս համայնքային միջոցառման նպատակը հենց նման խնդիրների լուծումն է:
Միջոցառման ընթացքում իր չքնաղ կատարումներով հանդես եկավ «Շուշիկի» բենդի երաժիշտ Թամարա Աթանեսյանը: Կանայք հաճույքով միանում էին նրան և միասին երգում «Կաքավիկ», «Մշո Գորանի», «Կամավորը» և այլ երգեր:
Հոգեթերապևտիկ աշխատարանի ավարտին մասնակից բոլոր կանայք ստացան նվերներ՝ կարի մեքենաներ և գրենական պիտույքներ իրենց երեխաների համար: Կանանցից շատերն արդեն փորձ ունեին կարի մեքենայով աշխատանքի, և այս նվերը կծառայի նրանց կենցաղային հոգսերը թեթևացնելու կամ էլ հավելյալ եկամուտ ստեղծելու միջոց:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։








