Ճգնաժամներն ու համընդհանուր անորոշությունը վերածվել են իսկական մարտահրավերի մարդկության զգալի հատվածի համար, հատկապես մեզ՝ հայերիս համար՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրադրությունը, բազում կորուստները և Արցախից բռնի տեղահանումը։ Անընդհատ փոփոխվող իրականության մեջ շատերի համար լուրջ խնդիր է դարձել հոգեկան առողջության պահպանումը: «Մենք և մունք» հումանիտար ծրագրի շրջանակում մեկնարկած «7 ճանապարհ» նախագիծը միտված է աջակցելու ճգնաժամում հայտնված մարդկանց, օգնելու նրանց պահպանել հոգեկան առողջությունն ու կայունությունը:
Նախագիծը ներառում է «7 ճանապարհ» անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ և համանուն տասն էպիզոդներից կազմված փոդքասթ: Գրքույկը հեղինակել է սահմանամերձ շրջաններում ապրող և Արցախից տեղահանված մարդկանց հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող կլինիկական հոգեբան Նարե Գրիգորյանը: Գրքույկի յոթ բաժիններն ընտրվել են ըստ մեր կյանքի այն յոթ բնագավառների, որոնք առաջինն են տուժում սթրեսային իրավիճակներում: Դրանք են` «Ես շնչում եմ», «Ես ներկա եմ», «Իմ մարմինը», «Իմ կյանքը հիմա», «Հանգիստ/ապահովություն», «Ուրիշը» և «Ես կամ»:
Նարե Գրիգորյանը պատմում է, որ «7 ճանապարհ» ձեռնարկի վրա աշխատելիս առաջնորդվել է բարդ հոգեբանական թեմաները մաքսիմալ պարզ ու հասանելի ներկայացնելու սկզբունքով. «Նյութը չենք ծանրաբեռնել տերմիններով, ինչի շնորհիվ այն ավելի մեծ ընդգրկում կունենա մեր հասարակության տարբեր շերտերում: Ես նաև խորհուրդ եմ տալիս անպայման թեմային զուգահեռ լսել մեր զրույցները, քանի որ դրանք նույնպես կօգնեն մոտենալ թեմային»:
Ամեն ենթավերնագրի վերջում առկա են հոգեբանական վարժություններ, հարց ու պատասխաններ. հենց գրքույկում կարելի է գրառումներ անել ներկա հոգեվիճակի ու ապրումների մասին: Ինտերակտիվ գրքույկը կօգնի վերահսկել հոգեկան առողջությունը, տարանջատել այն խնդիրները, որոնք մեր ազդեցության դաշտում են, ու բաց թողնել այն գլոբալ հարցերը, որոնց լուծումը մեր ձեռքերում չէ, և, հետևաբար, ազատվել սթրեսներից ու տագնապներից:
Գրքույկի խմբագիր, կլինիկական հոգեբան Աննա Եվդոկիմովան համոզված է, որ ձեռնարկում տեղ գտած պարզ վարժությունները կարճ ժամանակի ընթացքում զգալի արդյունքների կհանգեցնեն. «Մենք ընտրել ենք պարզ ու հասարակ տեխնիկաներ, որոնց միջոցով կայունացնում ենք հոգեկան ապրումները սթրեսների ժամանակ: Վարժությունները հասանելի են բոլորին և բավականին արդյունավետ են՝ ելնելով մեր փորձից»:
Գրքույկի յուրաքանչյուր թեման հոգեբանները մանրամասն քննարկում են «7 ճանապարհ» փոդքասթի տասն էպիզոդներում՝ դրանով իսկ փոխլրացնելով ձեռնարկը։ Այդ զրույցները վարում է re:arrange փոդքասթի հիմնադիր և հաղորդավար Նարեկ Ամիրխանյանը: Նա պատմում է, որ նման քննարկումներն անչափ կարևոր են հատկապես հիմա, երբ մեր հասարակության զգալի մասն ապրում է հետպատերազմյան ճգնաժամ. «Այս փոդքասթի նպատակն է աջակցել կյանքի բարդ փուլում հայտնված անձանց՝ հաղթահարելու ճգնաժամը, կարողանալու տեսնել ներկան և փնտրելու նոր ճանապարհներ»։
«7 ճանապարհ» փոդքասթը հասանելի է մեր Youtube-յան ալիքում, ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի օնլայն տարբերակն անվճար կարելի է ներբեռնել այստեղ՝ https://shorturl.at/WFtel
«Մենք և մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Hoffnungszeichen | Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։