«Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության հումանիտար ծրագրի շահառու Աննա Շալունցը ծնունդով Գորիսից է, 2011 թվին ամուսնացել և տեղափոխվել է Արցախ: Մարտունաշեն գյուղում ընտանիքն ուներ արքայանարնջի, թզի, նռան մեծ այգիներ, որոնք ամեն տարի առատ բերք էին տալիս: Աննան պատմում է, որ բերքն այնքան շատ էր, որ տեսականորեն հնարավոր չէր իրացնել Արցախում: Մրգերի սորտավորմամբ և վաճառքով զբաղվելուն զուգահեռ Աննան սկսեց մրգային չիփսեր պատրաստել, որոնք, ի զարմանս իրեն, այնքան մեծ պահանջարկ ունեցան, որ վերածվեցին բիզնեսի: Էկոչիփսերի բիզնեսը ստացավ «Էկոշա» անվանումը։
«Էկոշա»-ի արտադրությանը մասնակցում էր ողջ ընտանիքը, հատկապես կարևոր էր երեխաների դերը. հենց նրանք էին առանձնացնում լավագույն մրգերը՝ խոշոր, թարմ, հյութալի: Արցախում նրանց այգու չրերի համբավը արդեն հասել էր Ստեփանակերտի սուպերմարկետներ: Հանրահայտ այգու չրերի պատմությունն ընդհատեց պատերազմը:
Արցախի տարհանումից հետո հարազատ Գորիս վերադարձած Աննան և իր ընտանիքն արդեն սկսեց լրջորեն սկսեցին զբաղվել էկոչիփսերի արտադրությամբ:
Աննան պատմում է, որ Գորիսում շատ ավելի արագ կարողացան ձեռք բերել այն համբավը, որն ունեին Արցախում: Հիմա արդեն մտածում են Էկոշա չիփսերը տարածել նաև Սյունիքի մարզի այլ քաղաքներում:
Վերջերս Աննան միացավ «Մենք և մունք» հումանիտար ծրագրին և որպես շահառու մասնակցեց «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնությանը, որը ներառում էր առցանց դասընթացներ մարքեթինգի, բրենդինգի, վաճառքների պլանավորման և ձեռներեցության հիմունքների մասին։
«Դասընթացներում ներգրավված էին լավ մասնագետներ, անմիջական շփումը նրանց հետ ավելի էր կապում մեզ երազանքին հասնելու նպատակին։ Պրակտիկ գիտելիքները մեծ էին. մարքեթինգից գիտելիքներ ստացանք, ֆինանսներից, հասկացանք, թե ինչպես կառավարել բիզնեսը, ինչպես տեղավորվել շուկայում։ Զգում էի՝ ինչ ունեմ, շատ քիչ է, պետք է ստեղծել, ավելացնել, որպեսզի արդյունք ստանամ»,- ընդգծեց Աննան։
Աննան պատմում է, որ ծրագրի մասնագետների շնորհիվ մեկ քայլ ավելի մոտեցավ իր երազանքին, մրգային չիփսերն ու րոլերը, թթու և քաղցր լավաշները ստացան կոկիկ փաթեթավորում, մշակվեց արտադրանքի լոգոն և բրենդավորումը:
Դասընթացներից հետո Աննա Շալունցն «Մենք և մունք» ծրագրի աջակցությամբ իր արտադրանքը ներկայացրեց 2024 թ.-ի դեկտեմբերին Գորիսում կայացած ամանորյա տոնավաճառին։
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։