Ստեփանակերտից՝ Դիլիջան. արցախցի ձեռներեցը խնդիրների ու պլանների մասին

«Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության հումանիտար ծրագրի շահառու Սևակ Հարությունյանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ընտանիքով հանդերձ ներկայումս բնակվում է Դիլիջանում: Այստեղ նա հիմնել է իր սեփական բիզնեսը՝ «Դեդո, Բաբո» անունը կրող հացի արտադրամասը։

Սևակը պատմում է, որ աշխատանքի առաջին իսկ ամսվա ընթացքում նկատել է, որ Դիլիջանում առավել մեծ սպառում ունեն մատնաքաշ տեսակի հացերը, մինչդեռ Արցախում թոնրի հացերն էին արագ սպառվում: Պահանջարկը թելադրեց առաջարկ ու սկսեցին մատնաքաշ թխել:

Արտադրամասը դեռևս փոքր է, ունի երեք աշխատակից, սկզբում թխում էին օրական 200-250 հատ հաց, հիմա այդ թիվը հասել է 450-500-ի: Առաջիկայում պլանավորում է ընդլայնել արտադրամասը և զբաղվել նաև քաղցրավենիքի արտադրությամբ: Արդեն գիտի՝ ինչ արտադրանքով է ներկայանալու դիլիջանցիներին, ու նույնիսկ բիզնես կապեր է ստեղծել հարևան համայնքների հետ՝ Իջևան, Հաղպատ:

Սևակն ասում է, որ հաց թխելու ամբողջ գործընթացն արդեն ամբողջովին յուրացրել են, հիմա իրացման հետ են դժվարությունները. «Բիզնես վարելու գիտելիքների պակաս կա, որը «Մենք և մունք» ծրագրի դասընթացների օգնությամբ եմ լրացնում»: Սևակի համար նոր ոլորտ է մարքեթինգը, սոցհարթակներում առաջխաղացման մարտավարություններն ու հացի փաթեթավորման կարևորությունը: Սկսնակ գործարարն ասում է, որ բոլոր խնդիրները լուծելի են, եթե կա ցանկություն. «Դիլիջանը նման է մեր բնությանը, մարդիկ բարի են ու կամեցող, մենք այստեղ մեզ լավ ենք զգում»:

«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։

Ձեզ կարող է հետաքրքրել