Հոկտեմբերի 20-ից մինչև 25-ը վեց օր շարունակ Սյունիքի մարզի երեք խոշոր քաղաքներում՝ Գորիսում, Կապանում և Սիսիանում, մոտ 100 պատանիներ Արցախից և Սյունիքի մարզից մասնակցեցին «Մենք և մունք» հումանիտար ծրագրի շրջանակում առաջին անգամ անցկացվող կրթական երկօրյա արվեստի աշխատարաններին։ 12-18 տարեկան արցախցի և սյունեցի պատանիների համար անվճար կրթական աշխատարանները հանդիսացան հարթակ՝ միմյանց հետ ծանոթանալու, համատեղ գաղափարներ գեներացնելու և իրագործելու համար: «Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակում անցկացվող այս նախաձեռնության նպատակն է համախմբել Արցախից տեղահանված և Սյունիքում բնակություն հաստատած պատանիներին։
Աշխատարաններն անցկացվեցին չորս ուղղություններով՝ դերասանի վարպետություն, լուսանկարչություն, կոլաժային արվեստ, բաղադրատոմսերի և բանավոր պատմությունների հավաքագրում: Պատանիները ծանոթացան և շփվեցին իրար հետ, ձեռք բերեցին տեսական և գործնական գիտելիքներ, դրանց հիման վրա ստացան առաջադրանքներ և միասին կատարեցին դրանք:
Բաղադրատոմսերի և բանավոր պատմությունների հավաքագրման աշխատարանների ժամանակ նրանք ստացան առաջադրանք՝ հաջորդ օրը պատմել իրենց ընտանիքում շրջանառվող պատմությունները գերդաստանի կամ ծննդավայրի մասին և հավաքագրել ծննդավայրին բնորոշ ավանդական ուտեստները: Հաջորդ օրը երեխաները, իրար հերթ չտալով, ներկայացնում էին ծնողներից, տատիկ-պապիկներից լսածներն իրենց տոհմի պատմության, անցած ուղու, տեղանքի գեղեցկության և ընտանեկան ճաշատեսակների մասին: Այդ բոլոր պատմությունները փոխանցվում էին սերնդեսերունդ և պատանիներից շատերն առաջին անգամ էին հետաքրքրություն դրսևորում դրանց նկատմամբ:
Դերասանի վարպետություն աշխատարանի ընթացքում մասնակիցները համատեղ բեմադրեցին տարբեր տեսարաններ իրենց հայտնի ֆիլմերից: Իսկ լուսանկարչության դասընթացը սովորեցրեց նրանց այլ դիտանկյունից նայել կադրին, նկատել դետալներն ու մանրուք թվացող որոշիչ իրերը ցանկացած լուսանկարում:
Մասնակիցներից շատերը աշխատարանների շնորհիվ ձեռք բերեցին նոր ընկերներ, որոնց հետ, պարզվեց բնակվում են նույն քաղաքում, սակայն դեռևս ծանոթ չէին:
Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում կայացած երկօրյա կրթական աշխատարաններին մասնակցեցին Կապանում՝ 22 պատանի, Գորիսում՝ 60, Սիսիանում՝ 21:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։