Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացվեցին «Մենք և մունք» ծրագրի կրթական երկօրյա արվեստի աշխատարանները:
Դերասանի վարպետություն, պատմությունների հավաքագրում, հագուստի ձևավորում և երգարվեստ աշխատարաններին մասնակցեցին 30-ից ավելի պատանիներ՝ 12-18 տարեկան: Խմբային խաղերի միջոցով մարզի պատանիներն ու Արցախից բռնի տեղահանված ու Սևանում և հարակից բնակավայրերում ապրող երեխաները ծանոթացան, շատ արագ գտան ընդհանրություններ և ընկերացան:
Հանդիպման ջերմ մթնոլորտն առաջինն ապահովեց դերասանի վարպետության դասընթացը, որի ընթացքում պատանիները մի կողմ թողեցին իրենց բարդույթներն ու ստանալով դերեր՝ ելույթ ունեցան փոքրիկ բեմում: Նրանք բեմադրեցին փոքրիկ էտյուդներ՝ իրենց իսկ հորինած պատմությունների հիման վրա:
Երգարվեստի դասընթացը պատանիներին շատ արագ վերածեց ընդհանուր երգչախմբի: Նրանցից յուրաքանչյուրը կես ժամ անց արդեն գիտեր իրեն հատկացված դերն ու տեղը՝ ընդհանուր երգեցիկ ստեղծագործություն ստանալու գործում: Պատանիները միասին երգեցին հին հայկական ազգային հայտնի երգեր:
Պատմությունների հավաքագրման դասընթացի առաջին հանդիպումը, ինչպես միշտ, այս անգամ ևս սկզբում անցավ տեսական հատվածի հետ ծանոթությամբ: Պատանիները քննարկեցին բանահյուսության կարևորությունը, որից հետո ստացան գործնական առաջադրանք՝ հաջորդ դասին պատմել իրենց ընտանիքներում կամ համայնքում բանավոր փոխանցվող պատմությունները: Հաջորդ օրը նրանք պատմեցին իրենց տոհմերի պատմությունները, գյուղերում շրջանառվող լեգենդները: Փոքրիկ Անին պատմեց Արցախի իրենց գյուղի եկեղեցու լեգենդը, Լիլիթը՝ Սևանի Ախթամար կղզու մասին պատումը և այլն:
Ձեռքի աշխատանքի դասընթացի ընթացքում երեխաներն աշխատեցին թել ու ասեղի հետ՝ տարբեր գույնզգույն հուլունքներով զարդարով իրենց գլխարկները:
Սևանցի Արեգը պատմեց, որ նման միջոցառումները միշտ սպասված են. «Մեր առօրյան շատ միանման է, հետաքրքրություններ քիչ կան, ու երբ իմանում ենք, որ էլի գալու եք Սևան, անպայման ուզում ենք մասնակցել»: Արցախի Մարտակերտի շրջանից տեղահանված Ալեքսանդրն իրենց մեծ ընտանիքում առաջին զավակն է, պատմում է, որ իր առօրյան լեցուն է գործերով ու հոգսերով. «Մենք յոթը երեխա ենք, տանը ազատ րոպե ոչ մեկս չունենք: Բայց ընկերներս ասացին, որ անպայման մասնակցեմ ձեր ծրագրին, շատ հետաքրքիր է անցնելու»:
Աշխատարանի ջերմ մթնոլորտում ընկերացած Գեղարքունիքի մարզի ու արցախցի պատանիները ստեղծեցին խմբեր սոցմեդիայում՝ հետագայում շփվելու ակնկալիքով:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։









