«Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության հումանիտար ծրագրի շահառու հրուշակագործ Իննա Արզումանյանը ծնունդով Արցախից է, Ասկերանի շրջանի Կրասնի գյուղից: Իննան 12 տարի զբաղվել է հրուշակագործությամբ, Ստեփանակերտում նրան արդեն բոլորն էին ճանաչում: Ամեն առավոտ իրենց գյուղից գալիս էր մայրաքաղաք՝ պատրաստելու իր հայտնի խմորեղենը: Պատմում է, որ պատվերներն այնքան շատ էին, որ նույնիսկ զարմանում էր՝ որտեղից այսքան շատ ծնունդներ, ուրախ միջոցառումներ: Սակայն ամեն ինչ փոխվեց 2020-ի պատերազմից հետո: Բռնի տեղահանումից հետո Իննան ընտանիքով հանդերձ տեղափոխվեց Գորիս ու ստիպված եղավ շատ-շատերի նման ամեն ինչ սկսել նորից:
Պատմում է, որ Ղարաբաղում հաճախորդներն արդեն գիտեին՝ որքան համեղ է պատրաստում, իսկ հիմա Գորիսում դեռևս հաճախորդներ չունի. «Այստեղ չկան խմորեղեն պատրաստող մեծ ընկերություններ, շուկան փոքր է, ամեն տանտիկին ինքն է պատրաստում իր ընտանիքի համար»:
Սակայն Իննան չի հանձնվում, այնուամենայնիվ իր փոքրիկ, լուսավոր խոհանոցում պատրաստում է իր հայտնի փախլավաներն ու ընկույզով տորթերը, փորձում նորից ձեռք բերել այն համբավը, որն ուներ Ստեփանակերտում:
Վերջերս նա դարձավ «Մենք և մունք» հումանիտար ծրագրի շահառու և ծրագրին շրջանակում մասնակցեց «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնությանը, որը ներառում էր առցանց դասընթացներ մարքեթինգի, բրենդինգի, վաճառքների պլանավորման և ձեռներեցության հիմունքների մասին։ Ծրագրի արհեստավարժ մասնագետների օգնությամբ նա յուրացրեց բրենդինգի հետ կապված գիտելիքները, ծանոթացավ հաշվապահական հիմունքներին ու բիզնես ոլորտի նրբություններին։ Բացի դասընթացներից, Իննա Արզումանյանն իր հայտնի փախլավաներով ներկայացավ 2024թ-ի դեկտեմբերին Գորիսում կայացած ամանորյա տոնավաճառին։
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։