«Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության շրջանակներում 8 սկսնակ ձեռներեցներ Արցախից ներկայացրեցին իրենց արտադրանքը Գորիսի ամանորյա տոնավաճառում: Նախքան իրենց ստեղծած պրոդուկտները տոնավաճառի այցելուների դատին հանձնելը նրանք՝ ծրագրի շրջանակում մասնակցել էին մարքեթինգի և ձեռներեցության առցանց դասընթացների, որի ընթացքում քննարկել էին յուրաքանչյուրի անհատական նախագիծը, վերլուծել ուժեղ կողմերն ու շտկել թերությունները:
Տոնավաճառը տեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Impact Hub կենտրոնում: Արցախցի սկսնակ ձեռներեցների առաջարկները բազմազան էին՝ չրային չիպսեր և պաստելներ, հուդիներ, սրբիչներ ու անկողնային պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիքի լայն տեսականի՝ փախլավաներ, Դուբայի շոկոլադներ, խմորեղեն և այլն: Հելունագործ տիկնիկներ պատրաստող Աննան Արցախից տեղահանվելուց հետո ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իր բրենդն անվանել է հայրենի գյուղի՝ Սոսի պատվին: Պատմում է, որ երրորդ երեխան ունենալուց հետո է որոշել զբաղվել տիկնիկագործությամբ՝ այդպիսով հոգալով իր կենցաղային ծախսերը: «Ամենից շատ պատվիրում են հելյունագործ նապաստակներ», – պատմում է Աննան ու ավելացնում, որ դասընթացների շնորհիվ յուրացրեց սոցիալական մեդիայում ներկայանալու հմտությունները:
Մեկ այլ ոսկե ձեռքերով վարպետ Արևիկը նույնպես Կապանից է, այստեղ եկել է Արցախի Ճարտար գյուղից: «Դասընթացներն ինձ օգնեցին հատկապես բիզնեսիս լոգոյի հարցում, հիմա ես ունեմ ներկայանալի բրենդավորում, որի շնորհիվ պատվերներ եմ ստանում»:
Հրուշակագործ Իննա Արզումանյանը բռնի տեղահանումից առաջ ապրել է Արցախի Կրասնի գյուղում, իր պատրաստած խմորեղենն իրացրել Ստեփանակերտում. «Արդեն բոլորը գիտեին, որ իմ թխածն ուրիշ համ ունի, շատ պատվերներ ունեի, չէի հասցնում թխել»: Գորիսում Իննան զրոյից է սկսել գործը, առայժմ թխում է տանը, մի փոքրիկ, բայց լուսավոր ու տաքուկ խոհանոցում: Տոնավաճառին նրա այցեքարտերը ամբողջովին սպառվեցին:
Նիգար Սինանյանը ծնունդով Գորիսից է, Արցախի Քաշաթաղի շրջանում ապրում էր ամուսնու հետ որպես վերաբնակեցված: Մեծ սեփական տուն ունեին, ձկնաբուծարան, վարելահողեր: «Ձկներին ամբողջ ամառ պահեցինք, որ մեծանան, աշնանը վաճառենք ու բիզնեսում ներդրում կատարենք: Բայց ստիպված ամեն ինչ թողեցինք, դատարկ հետ եկանք»,- պատմում է Նիգարն ու ասում, որ հագուստի արտադրություն սկսելու գաղափարը ծագել է շատ պատահական: Հիմա ընտանիքի այլ անդամների հետ կարում են մանկական շորեր, սպիտակեղեն, սփռոցներ. «Մենք պարապ չենք կարող մնալ, միևնույն է՝ մի բան կհորինենք: Բիզնես ստեղծելու ցանկությունը կա, գիտելիքի պակասն է պետք լրացնել»: Այս հարցում նրանց համար ևս մեծ օգնություն էր «Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնությունը: Դասընթացավարների խորհուրդների ու գործնական առաջարկների շնորհիվ նրանց նորաստեղծ բիզնեսը ստանում է գրագետ փաթեթավորում և դառնում ներկայանալի ու մրցակցային:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։





















