Երկօրյա աշխատարանի ջերմ ու անմիջական մթնոլորտում ընկերացած արցախցի և դիլիջանցի պատանիները հեռախոսահամարներ և սոցկայքերի էջեր փոխանակեցին՝ հետագայում շփվելու ակնկալիքով:
«Մենք և մունք» ծրագրի Կրթական արվեստի աշխատարանի հաջորդ հանդիպումն անցկացվեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 31 դիլիջանցի ու 17 արցախցի պատանիները երկու օր շարունակ ծանոթացան դերասանական արվեստի ու լուսանկարչության հիմունքներին, պատրաստեցին իրենց առաջին օրիգամի բացիկներն ու աշխատեցին թել ու ասեղի հետ՝ զարդարով իրենց գլխարկները:
Առաջին դասընթացը դերասանի վարպետությունն էր: Երեխաներից շատերն առաջին անգամ էին ելույթ ունենում՝ ստանալով կոնկրետ առաջադրանք: Նախքան աշխատարանին մասնակցելը նրանք չէին ճանաչում միմյանց, սակայն դերասանական վարպետության դասընթացավարի ստեղծած անմիջական մթնոլորտն օգնեց հաղթահարել բոլոր կոմպլեքսները: Արդեն 10-րդ րոպեին երեխաները միմյանց օգնում էին դերի մեջ մտնել, կերպարի գործողություններ հուշում: Իսկ արդեն կես ժամ անց նրանց ձևավորած թիմերում երեխաները հստակ դերաբաշխումներ էին անում, որոշում՝ ով է ռեժիսորը, ով՝ գլխավոր հերոսն ու հաղորդավարը:
Աշխատարանի հաջորդ դասընթացը սովորեցնում էր սարքել ճապոնական օրիգամի բացիկներ: Երեխաներին տրվեց ստեղծագործելու անսպառ թեմաներ՝ զարդարելու իրենց բացիկներն այնպես, որպեսզի հստակ զգացվի նրանց ուրույն ձեռագիրը: Արդյունքում օրիգամիների վրա պատկերվեցին ճապոնական անիմեներ, Հայաստանի դրոշն ու Արարատ լեռը, «Այա-դեդոն» ու նույնիսկ սիրո խոստովանություններ:
Երրորդ դասընթացը դիլիջանցի ու արցախցի երեխաների համար հագուստի ձևավորումն էր։ Աղջիկներն ասեղնագործում էին, զարդարում իրենց գլխարկները, տղաները գույնզգույն հուլունքներով հավաքում ապարանջաններ ու թզբեհներ: Նրանցից շատերի համար առաջին փորձն էր ասեղը կառավարելու և հուլունքների հետ աշխատելու:
Երկօրյա աշխատարանի չորրորդ դասընթացը լուսանկարչությունն էր: Պրակտիկ առաջադրանքի ժամանակ երեխաները տարածքում որսում և անմահացնում էին այն կադրերը, որոնց միջոցով կարող էին ցույց տալ գծերի, գույների ակցենտավորումը: Մեծ էկրանին յուրաքանչյուրի լուսանկարի քննարկումն օգնում էր հասկանալ լուսանկարչության գաղտնիքներն ու թաքնված իմաստները:
Երկօրյա աշխատարանի ջերմ ու անմիջական մթնոլորտում ընկերացած արցախցի և դիլիջանցի պատանիները հեռախոսահամարներ և սոցկայքերի էջեր փոխանակեցին՝ հետագայում շփվելու ակնկալիքով:
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Դիլիջանում անցկացված Կրթական երկօրյա արվեստի աշխատարաններին կհաջորդեն նմանատիպ այլ միջոցառումներ արդեն 2025թ.-ին:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։













