«Մենք և մունք» ծրագրի 2025-ի առաջին կանգառը Նոյեմբերյանում էր. 40-ից ավելի պատանիներ Տավուշի մարզից և Արցախից երկու օր շարունակ մասնակցեցին արվեստի չորս աշխատարաններին:
Դերասանի վարպետություն, լուսանկարչություն, պատմությունների հավաքագրում և երգարվեստ աշխատարանները կազմված էին խմբային խաղերի տրամաբանությամբ: Նպատակը մեկն էր՝ ծանոթացնել, համախմբել և օգնել ընկերանալ նոյեմբերյանցի և արցախցի պատանիներին:
Դերասանի վարպետության դասընթացը, որը մշտապես անցնում է անմիջական ու ջերմ մթնոլորտում, այս անգամ էլ միանգամից ներքաշեց պատանիներին թատրոնի հեքիաթային աշխարհ: Նրանք բեմադրեցին իրենց առաջին էտյուդները, մնջախաղը, առաջին անգամ ստացան դերեր ու ցուցադրեցին իրենց դերասանական տաղանդները:
Հաջորդ աշխատարանը լուսանկարչությունն էր, որի ժամանակ նրանք յուրացրեցին կոմպոզիցիայի բանաձևն ու տարանջատեցին լուսանկարի ուժեղ և թույլ կողմերը: Գործնական առաջադրանքի ժամանակ պատանիներն իրենց սմարթֆոններով տարածքում գտան և լուսանկարեցին հատվող գծերն ու ակտիվ գույները, այնուհետև յուրաքանչյուրի լուսանկարը մանրամասն քննարկեցին հանդիպման սրահի մեծ էկրանին՝ միասին գտնելով պատկերի առավելությունները:
Բավականին աշխույժ ու աղմկոտ սկսվեց նաև երգարվեստի դասընթացը: Սկզբում պատանիներից յուրաքանչյուրը մենակատար էր, իսկ արդեն կես ժամ անց՝ մեծ երգչախմբի մասնիկ: Նրանք շատ արագ սովորեցին զգալ ռիթմն ու կողքինի շունչը, որպեսզի կարողանան միասին ստանալ մեկ ամբողջական երաժշտական ստեղծագործություն: Ոտքերի դոփյունը, ձեռքերի ծափը, արտաբերած հնչյուններն օգնեցին ստանալ լավագույն արդյունքը:
Պատմությունների հավաքագրման դասընթացի առաջին հանդիպմանը պատանիները ստացան տեսական գիտելիքներ բանահյուսության վերաբերյալ: Ստացան նաև գործնական առաջադրանք՝ հաջորդ դասին ներկայացնելու իրենց ընտանիքներում կամ համայնքում բանավոր փոխանցվող պատմությունները: Հաջորդ օրը նրանք ներկայացրեցին մեկը մյուսից արժեքավոր պատմություններ, օրինակ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց տոհմի փրկության, գաղթի ճանապարհին տեղի ունեցած անհավատալի դեպքերի մասին: Պատանիներն իրենց տատիկ-պապիկներից լսել և փոխանցում էին նաև պատմություններ հայրենի գյուղի՝ Կողբի, զինանշանի փրկման ու աշտարակի տապալման մասին: Օրինակ, 15-ամյա Արսենը Նշխաձոր համանքից պատմեց իրենց գյուղի լեգենդը, փոքրիկ Լուսինեն՝ տատիկից լսած վախենալու պատմությունը կամրջի վրա բնակվող հոգիների մասին և այլն:
Աշխատարանի ջերմ մթնոլորտում ընկերացած նոյեմբերյանցի ու արցախցի պատանիները ստեղծեցին խմբեր սոցմեդիայում՝ հետագայում շփվելու ակնկալիքով: Լրագրող դառնալու երազանք ունեցող Դիանան ասաց, որ նման հանդիպումները շատ օգտակար են իրենց համայնքի պատանիների համար, քանի որ ժամանցի վայրեր այստեղ գրեթե չկան:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Hoffnungszeichen | Sign of Hope կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։














