«Մենք և մունք» ծրագրի արվեստի եզրափակիչ աշխատարանները կայացան Իջևանում

Մոտ 40 պատանիներ Տավուշի մարզից և Արցախից երկու օր շարունակ մասնակցեցին «Մենք և մունք» հումանիտար ծրագրի արվեստի վերջին աշխատարաններին Իջևանում։

Դերասանի վարպետություն, լուսանկարչություն, պատմությունների հավաքագրում և կոլաժային արվեստ աշխատարանների ընթացքում  պատանիները ծանոթացան ու ընկերացան:

Աշխատարանների բացումն արեց լուսանկարչության դասընթացը: Պատանիները բաժանվեցին խմբերի և սկսեցին կռահել՝ ինչ է պատկերված էկրանին ցուցադրվող լուսանկարում, որին հաջորդեց արդեն իսկ գործնական աշխատանքը դրսում՝ լույսի ու ստվերի հետ:

Դերասանի վարպետության դասընթացը, որը մշտապես անցնում է անմիջական ու ջերմ մթնոլորտում, այս անգամ էլ միանգամից ներքաշեց բոլորին: Երեխաները թոթափեցին իրենց ընկճվածությունը՝ բեմադրելով տարբեր իրավիճակներ: 

Հաջորդ աշխատարանի ընթացքում պատանիները յուրացրեցին բանավոր պատմությունների հավաքագրման հմտությունները, ստացան տեսական գիտելիքներ բանահյուսության վերաբերյալ: Պատանիներն իրար հերթ չտալով պատմում էին իրենց տատիկ-պապիկներից լսած  պատմությունները: 

Վերջին աշխատարանը նույնպես շատ աշխույժ անցավ, երեխաները սովորեցին ճապոնական օրիգամի բացիկներ պատրաստել: Նրանք նկարազարդեցին իրենց բացիկները, գրեցին սիրո խոստովանություններ կամ պարզապես գծագրեցին սպիտակ թղթի վրա: Վերջնարդյունքում օրիգամիների վրա պատկերվեցին Հայաստանի դրոշն ու Արարատ լեռը, «Այա-դեդոն» ու բազում գույներ, սիրո  խոստովանություններ: 

Աշխատարանի ջերմ մթնոլորտում ընկերացած իջևանցի ու  արցախցի պատանիները, ավանդույթի համաձայն, ստեղծեցին խմբեր սոցմեդիայում՝ հետագայում շփվելու ակնկալիքով: 

«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Hoffnungszeichen | Sign of Hope կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ: 

Ձեզ կարող է հետաքրքրել