«Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակներում մեկնարկել է ևս մեկ կարևոր նախագիծ: Այն օգնում է գրագետ ներկայացնել արցախցի սկսնակ գործարարների արտադրանքը, ինչպես նաև ավելացնել վաճառքի ծավալները: Ծրագրին մասնակցում են 37 ձեռներեցներ, որոնցից 20-ն արդեն պատրաստ են ներկայանալ Տավուշի և Սյունիքի ամանորյա տոնավաճառներին:
Լուսանկարիչ Սոնյա Մալխասյանը Ստեփանակերտում անգլերենի ուսուցիչ էր, հիմա տեղափոխվել է Գորիս և զբաղվում է լուսանկարչությամբ: Արցախցի սկսնակ բիզնեսմենը վաղուց էր փնտրում ծրագիր, որի աջակցությամբ կկարողանա իր նորաթուխ բիզնես-նախագիծը զարգացնել: «Ամեն ինչ ինքս եմ անում՝ սոցիալական մեդիայի էջերն եմ վարում, զբաղվում վայրերի ու մոդելների, նաև նրանց հագուստի ընտրությամբ: Հիմա ուզում եմ մարքեթինգի ոլորտում գիտելիքներ ստանալ, որպեսզի կարողանամ զարգացնել գաղափարն ու հիմնել սեփական ֆոտոստուդիա», – պատմում է Սոնյան: Երբ «Մենք և Մունք» ծրագիրը Գորիսում հայտարարեց մասնակցության հրավերի մասին, Սոնյան առաջիններից էր, որ դիմեց. «Ես ինքս ամեն ինչ կարող եմ անել, ինձ պետք է միայն գիտելիքներ ստանալ մարքեթինգի ոլորտում»:
«Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակներում իրականացվող «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել սկսնակ գործարարների ստեղծած պրոդուկտների ներկայացմանը և վաճառքի ծավալների ավելացմանը: Ծրագրին դիմել են Արցախից բռնի տեղահանված անհատները կամ ձեռնարկությունները, ովքեր այժմ բնակվում են Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում։
Աջակցությունը ներառում է կարճ դասընթաց ձեռներեցութան հիմունքների և վաճառքների կազմակերպման, ինչպես նաև հաշվապահության հիմունքների մասին: Դասընթացի ֆորմատն օնլայն է, տևողությունը շաբաթական երկու օր՝ երկուական ժամով: Մասնակիցները կարող են իրենց հուզող բոլոր հարցերը քննարկել մասնագետի հետ և ստանալ սպառիչ պատասխաններ: Դասընթացավար, մարքեթոլոգ Ռաիսա Աղաբեկյանը պատմում է, որ մասնակիցների հետ քննարկում են բոլոր հարցերը՝ ինչպես ներկայացնել բիզնեսը մեկ նախադասությամբ, ինչպես ստեղծել սոցիալական կայքերի բովանդակությունը և այլն: «Սկսել ենք հիմնական գաղափարներից, օրինակ՝ մասնակիցներն ընդհանրապես չէին կիրառում հեշթեգեր, հիմա արդեն ունեն իրենց սեփական հեշթեգերը: Որոշ բիզնեսների սոցմեդիա էջերը անվանափոխել ենք՝ առավել հնչեղ ու տեղեկատվական դարձնելով», – ասում է Ռաիսան:
Աջակցության հաջորդ կետը բիզնես խորհրդատվությունն է, որի ընթացքում քննարկում են կոնկրետ տվյալ ձեռներեցի նախագիծը, առաջարկում զարգացման մոդելներ:
Մարքեթինգի և հաղորդակցության հարցում աջակցություն ստացող 37 անդամներից յուրաքանչյուրի նախագիծը յուրօրինակ է՝ համեմված արցախյան կոլորիտով: Սկսնակ գործարարները հայաստանյան բիզնես միջավայր են բերում իրենց ընկալումները: Օրինակ, Հրազդանում բնակություն հաստատած Նախշուն Ավագյանն իր հարազատ արցախյան բնապատկերներն է նկարում պայուսակների, գոգնոցների ու գլխարկների վրա:
Դասընթացին մասնակցող և աջակցություն ստացող անդամներից 20-ն արդեն պատրաստ են ներկայանալու տարեվերջին կայանալիք ամանորյա տոնավաճառներին Գորիսում և Դիլիջանում՝ համապատասխանաբար 14 և 5 հոգի: Արցախյան բիզնեսների տաղավարների ձևավորման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև տոնավաճառին նրանց մասնակցությունը կֆինանսավորվի «Մենք և Մունք» ծրագրի կողմից:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։