Միջոցառման ավարտին կանանց նվիրեցին կարի մեքենանար՝ իրենց առօրյա կենցաղային հոգսերը փոքր-ինչ թեթևացնելու համար:
Նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Մենք և մունք» ծրագրի շրջանակում անցկացվեց համայնքային միջոցառում արցախցի 11 կանանց ու նրանց երեխաների համար: Երեք ժամից ավելի տևած արհեստների աշխատարանում կանայք դասընթացավարի օգնությամբ զարդարեցին ընդհանուր մեծ սեղանին փռած սփռոցը: Այդ ընթացքում նրանցից շատերը վերհիշեցին, ոմանք էլ նոր ծանոթացան ասեղնագործելու, թել ու ասեղով աշխատանքի հետ: Գույնզգույն կծիկներով կանայք իրենց երեխաների հետ պատրաստեցին տարբեր գեղեցիկ իրեր, նկարեցին ու գրեցին բարեմաղթանքներ սփռոցի վրա: Հոգեթերապևտիկ աշխատարանի ամբողջ ընթացքում կանանց համար հնչեցին դիլիջանցի տաղանդավոր ջութակահարուհու կատարումները, ինչպես նաև ելույթ ունեցավ դիլիջանյան երաժշտական խումբ՝ ազգային երգերով:
Միջոցառման ընթացքում կանայք քննարկում էին՝ որքան նման է Դիլիջանի բնությունն իրենց հարազատ Արցախի անտառներին, սարերին ու ձորերին. «Մենք այստեղ մեզ զգում ենք, ինչպես մեր տանը, այս սարերը հիշեցնում են Գանձասարն ու Ամարասը»: Կանայք պատմեցին, որ դեռևս ունեն ինտեգրման կարիք, քանի որ միջավայրն անծանոթ է, չեն հասցրել ձեռք բերել այնքան ընկերներ, որքան ունեին իրենց տանը. «Մարդիկ բարի են ու կարեկից, սակայն դեռևս կան շփման որոշակի դժվարություններ: Իրականում արցախցիներն ուզում են, որ նրանց օգնեն վերգտնել երբեմնի կամքն ու ցանկությունը՝ նորից արարել, նոր տողից սկսել»:
Հոգեթերապևտիկ աշխատարանի ավարտին մասնակից բոլոր կանայք նվեր ստացան կարի մեքենաներ՝ որպես իրենց կենցաղային հոգսերը թեթևացնելու կամ էլ հավելյալ եկամուտ ստեղծելու միջոց: Նրանք անկեղծորեն ուրախացան նվերով՝ նշելով, որ նույնիսկ եթե մինչ այդ չգիտեին կարել, հիմա արդեն անպայման կսովորեն:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։