«Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակում առաջին անգամ անցկացվեց արհեստների աշխատարան Սևան քաղաքում: Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած արցախցի 9 կանանց շնորհվեցին կարի մեքենաներ:
Նոյեմբերի 16-17-ը «Մենք և Մունք» հումանիտար ծրագրի շրջանակում անցկացվեց առաջին արվեստի աշխատարանը Սևան քաղաքում:
Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած արցախցի կանայք և նրանց երեխաները միասին ծանոթացան կոլաժային արվեստին, արհեստավարժ մասնագետ Սիլվա Չոբանյանը նրանց ծանոթացրեց նկարչության ու կոլաժի գաղտնիքներին:
Աշխատարանի նպատակը տեղահանված արցախցիներին իրենց առօրյա խնդիրներից ու հոգսերից փոքր-ինչ շեղելն էր, կենցաղային անվերջանալի թեմաներից հայացքը դեպի արվեստ դարձնելը: Հելունագործության և շյուղագործության աշխատարանում կանայք իրենց երեխաների հետ ստեղծեցին բազմաթիվ գեղեցիկ իրեր: «Գարուն» սրճարանի սեղանի մեծ սփռոցը ծառայեց ընդհանուր հարթակ՝ յուրաքանչյուրին տալով հնարավորություն իր երևակայությամբ զարդարելու այն: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Գամմա» խումբը: Նման հոգեթերապևտիկ միջոցառումը արցախցի կանանց կյանքի այս փուլում բավականին արժեքավոր է:
Աշխատարանի ավարտին Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած արցախցի 9 կանանց շնորհվեցին բարձրակարգ կարի մեքենաներ: Դրանք կարող են ծառայել ոչ միայն կանանց առօրյա հոգսերը թեթևացնելու միջոց, այլև հանդիսանալ եկամտի հավելյալ աղբյուր։
Սևանում տեղի ունեցած արհեստների աշխատարանը հետագա՝ թվով հինգ նման աշխատարաններից առաջինն էր: Մյուսները տեղի կունենան 2024-2025 թթ. Սյունիքի, Տավուշի մարզերում և նորից կընդգրկեն տեղահանված արցախցիներին:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։









