«7 ճանապարհ» նախագիծ

«7 ճանապարհ» նախագիծը «Մենք և մունք» հումանիտար ծրագրի հոգեկրթական բաղկացուցիչ մասն է։ Այն ներառում է համանուն տասն էպիզոդներից բաղկացած YouTube-յան փոդքասթ և անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկ:

 

Նախագծի նպատակն է օգնել Արցախից տեղահանված բնակչությանը և, ընդհանրապես, հայությանը հաղթահարել կյանքի բարդ փուլերը, ճգնաժամը, ճանաչել նոր իրականությունը և փնտրել նոր ճանապարհներ՝ շարունակելով ապրել և արարել։

Հոգեկրթությանը նվիրված փոդքասթի առաջին երկու էպիզոդների ընթացքում քննարկվում է ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները: Հաջորդող յոթ էպիզոդները նվիրված են ինքնակարգավորման գրքույկի յոթ գլուխներին՝ ճանապարհներին: Դրանք կօգնեն ավելի արդյունավետորեն աշխատել գրքույկի հետ: Վերջին էպիզոդն ամփոփիչ է և եզրափակում է անցած ճանապարհները: 

«7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի յոթ գլուխներն են՝ «Ես շնչում եմ», «Ես Ներկա եմ», «Իմ մարմինը», «Իմ կյանքը հիմա», «Հանգիստ/ապահովություն», «Ուրիշը», «Ես կամ»։ Յուրաքանչյուր թեմայի վերջում առկա են հոգեբանական վարժություններ, հարց ու պատասխաններ, որոնք օգնում են առավել պարզ և մատչելի կերպով յուրացնել նյութը։ Իսկ փոդքասթում այդ վարժությունների պրակտիկ բացատրություններն են, տեխնիկաների կիրառումըլ։

Խորհուրդներ․

  • Գրքույկը կարող եք տպել և աշխատել անմիջապես գրքույկի հետ՝ գրել, ջնջել, ինչպես կցանկանաք: 
  • Կարող եք նաև օգտվել ձեր նոթատետրից, իսկ գրքույկի հետ աշխատել որպես ռեսուրս:
  • Աշխատելուն զուգահեռ կարող եք լսել փոդքաթի էպիզոդները՝ հերթականությամբ:
«7 ճանապարհ» նախագծում ներգրավված են Արցախից տեղահանված կամ սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող էքսպերտներ, կլինիկական հոգեբաններ Նարե Գրիգորյանը (գրքույկի գլխավոր փորձագետ) և Աննա Եվդոկիմովան (գրքույկի խմբագիր)։ «7  ճանապարհ» համանուն փոդքասթը վարում է  re:arrange փոդքասթի հիմնադիր և հաղորդավար Նարեկ Ամիրխանյանը:  «7 ճանապարհ» փոդքասթն ամբողջությամբ հասանելի է «Զարգացման սկզբնունքներ» ՀԿ-ի պաշտոնական YouTube ալիքում։ «Մենք և մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։