Արցախցի 9 կանայք մասնակցեցին Սևանում կայացած արհեստների աշխատարանին

«Մենք և մունք» հումանիտար ծրագիրն արդեն երկրորդ անգամ էր անցկացվում Գեղարքունիքի մարզում բնակության նոր հասցե գտած արցախցի կանանց համար: Այս անգամ ծրագրին մասնակցեցին 9 կանայք՝ Արցախի տարբեր շրջաններից: Արհեստների աշխատարանի  ընթացքում կանայք միասին ստեղծագործեցին մեծ սեղանին փռված կտավի վրա: Վառվռուն թելերով ասեղնագործեցին,  գունավոր մոմամատիտներով ներկեցին, նաև գրեցին բարեմաղթանքներ ու նկարեցին տարբեր պատկերներ: Արցախի բարբառով աղոթքներն ու երազանքները կտավի վրա գրելուց հետո կանայք այն երիզեցին գույնզգույն թելերով՝ վերածելով գեղեցիկ սփռոցի: 

Հոգեթերապևտիկ երեկոյի ընթացքում կանայք միմյանց պատմեցին՝ ինչպես էին ապրում Արցախում և ինչպես են փորձում հարմարվել հիմա իրենց նոր բնակավայրերին, կիսեցին իրենց մտահոգություններն ու ապրումները: 

Արցախի Մարտունու շրջանից Սևան քաղաք տեղափոխված Լաուրա Համբարձումյանը  պատմեց, որ նախքան պատերազմը չէր էլ պատկերացնի՝ որքան ուժեղ է ինքը, իր ընտանիքն ու հարազատները. «Ամեն նոր հարվածի ժամանակ մտածում էինք, որ վերջ, սրան էլ չենք դիմանա, բայց կյանքը ցույց է տալիս, որ մենք շատ ավելի ուժեղ ենք, քան մեր մասին մտածում են ու քան ինքներս էինք պատկերացնում»: 

Ստեփանակերտից Գեղարքունիքի մարզ տեղափոխված Ռուզաննա Գևորգյանի  կարծիքով դեռ տևական ժամանակ արցախցիներն իրենց օտար են զգալու ամենուր. «Մեզ այստեղ իրոք լավ են ընդունել, սրտաբաց մարդիկ են բոլորը, կենցաղային խնդիրները գրեթե լուծված են, բոլորի նման աշխատում-ապրում ենք, բայց ամեն գիշեր  երազներում մենք Արցախում ենք, մեր տանը, մեր դարպասների մոտ արևի տակ նստած: Ես շատերից եմ դա լսել, ու ինքս էլ դեռ չեմ համակերպվել այս նոր իրականությանը»: 

Հոգեթերապևտիկ միջոցառումն իր կատարումներով այս անգամ ևս զարդարեց «Շուշիկի» բենդի երաժիշտ Թամարա Աթանեսյանը: Կանայք միանում էին նրան և միասին երգում ազգային երգեր, հարցնում այդ երգերի ծագման ու տարածման մասին: 

Սևանի աշխատարանի ավարտին մասնակից բոլոր կանայք ստացան նվերներ՝  կարի մեքենաներ և գրենական պիտույքներ իրենց երեխաների համար: Կանանցից ոմանք հմուտ դերձակներ էին, ոմանք դեռ նոր պետք է յուրացնեին այդ արհեստը, սակայն բոլորն էլ շատ ուրախացան, որ կենցաղային հոգսերը մի քիչ թեթևացնելու ևս մեկ տարբերակ ունեն արդեն: 

«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։

Ձեզ կարող է հետաքրքրել