Այս տարի իրենց արտադրանքով տոնավաճառին ներկայացան արցախյան հինգ սկսնակ բիզնեսներ, որոնց հիմնադիրները մասնակցել էին «Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնությանը և ստացել գիտելիք մարքեթինգի, վաճառքների կազմակերպման և բրենդինգի մասին։
Այս տարի առաջին անգամ Դիլիջանի Ամանորյա մեծ տոնավաճառին մասնակցում էին ոչ միայն Տավուշի մարզի բնակիչները, այլև այդ մարզում իրենց նոր կյանքը սկսող արցախցի ձեռներեցները: Տոնավաճառը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում: Երկու ընդարձակ սրահներում ներկայացված էին ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն իսկ հաջողակ բիզնես նախագծերը: «Մենք և Մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության մասնակիցներ՝ հինգ արցախյան բիզնեսներից յուրաքանչյուրը ներկայացավ իր առանձին բրենդինգով՝ լոգո, փաթեթավորում, դիզայն: «Դեդո, Բաբո» հացի արտադրության հիմնադիր Սևակ Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, հաց թխել սկսել է Արցախի շրջափակման ժամանակ: Բռնի տեղահանումից հետո Դիլիջանում շարունակել է այդ գործը՝ այս անգամ վերածելով ընտանեկան բիզնեսի. «Հաց թխելն արդեն ամբողջովին յուրացրել ենք, հիմա իրացման հետ են դժվարությունները, բիզնես վարելու գիտելիքների պակաս կա, որը «Մենք և մունք»-ի դասընթացների օգնությամբ եմ լրացնում»:
«Նախշ» բրենդի հիմնադիր Նախշուն Ավագյանը տավուշյան տոնավաճառին ներկայացել էր իր ողջ արսենալով՝ և՛ ձեռագործ իրեր, և՛ տնական գաթաներ, և՛ նույնիսկ հարազատ Սարուշենի փոխինձ, ինչը բազմազանություն բերեց տավուշյան խոհանոցին:
Ստեփանակերտից Հայաստան տեղափոխված կաշեգործ Դավիթ Առաքելյանը մասնագիտությամբ սրտաբան է, երկար տարիներ աշխատել է Արցախի Շտապօգնության կենտրոնում: Հայաստանում իր կնոջ՝ դիզայներ Քնարիկ Զաքարյանի հետ հիմնել են Leather Master’s Studio-ն և զբաղվում են ձեռագործ կաշվե պայուսակներ ու աքսեսուարներ պատրաստելով: Նրանց ապրանքանիշը, իհարկե, հուշում է արցախյան պատկանելիությունը, քանի որ շատերի պես կիրառել են հանրահայտ «Այա-Դեդո» հուշարձանի ուրվագիծը: Ի դեպ, այդ հուշարձանի իսկական անվանումն է «Մենք ենք, մեր սարերը», սակայն այդ անունով նրան, թերևս, շատ քչերը գիտեն:
Ամանորյա տոնավաճառին առաջին անգամ էին ներկայացել նաև Zakaryan family ժենգյալով հացերը և Sirsweets Artsakh արցախյան փախլավան: Կարևորելով տոնավաճառին իրենց մասնակցությունը՝ բոլորն էլ նշում էին, որ տպավորիչ վաճառքներից զատ նաև ձեռք են բերել նորանոր ծանոթություններ այն համայնքում, որը նրանց նոր տունն է դարձել:
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։














