«Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության հումանիտար ծրագրի շահառու Նիգար Սինանյանը նախքան արցախյան երկրորդ պատերազմն աշխատում էր որպես հաշվապահ Քաշաթաղի դպրոցներից մեկում: Ամուսինը նույն դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցիչն էր: Նրանք ունեին սեփական ձկնաբուծարան, խնձորի, արքայանարնջի այգիներ: Նիգարը պատմում է, որ ամբողջ ամառ նրանք ձկներին կերակրում էին, մեծացնում, որպեսզի աշնանը կարողանան վաճառել և ստացված գումարով գնել տեխնիկա այգեգործության համար: Սակայն 2020-ի աշնանն ամեն ինչ փոխվեց։
Պատերազմը ստիպեց թողնել ամեն ինչ և նոր բնակության հասցե փնտրել: Տեղափոխվեցին Գորիս, մոռացան և՛ այգեգործությունը, և՛ դպրոցի մանկավարժությունը: Նիգարը սովորեց կարուձև, որոշ ժամանակ աշխատեց տեքստիլի արտադրամասում, հետո որոշեց բացել սեփական արտադրությունը. «Դրամաշնորհ գրեցի, շահեցի, տարածքը վերանորոգեցի, հուդիի կտորներ ձեռք բերեցի, ու սկսեցինք կարել: Աշխատում էինք երեքով՝ ես էի, սկեսուրս ու ամուսնուս քույրը»:
Սկզբում տեսականին պարզ էր՝ սփռոցներ, սպիտակեղեն, բռնիչներ, գոգնոցներ, հետո ավելացան մանկական սպորտային հուդիները: Սկսեցին արտադրել նախադպրոցական տարիքի երեխաների համար հագուստ, Նիգարն ասում է՝ տեղական շուկայում նրանց համար բավականաչափ առաջարկ չկա: Երբ սկսեցին չհասցնել պահանջարկի հետևից, սկսնակ ձեռներեցը զգաց՝ արդեն բրենդավորման ժամանակն է:
Դառնալով «Մենք և մունք» ծրագրի «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության շահառու՝ Նիգարը հնարավորություն ստացավ մասնակցելու վաճառքների կազմակերպման, բրենդավորման մասին առցանց դասընթացի, որի շնորհիվ սովորեց՝ ինչպես վարել բիզնեսը, ինչպես գրագետ մուտք գործել շուկա. «Մենք և մունքի» ծրագրի դասերից հետո որոշեցի լոգոս փոխել, ընդլայնել տեսականին՝ մանկական հագուստ, վերմակներ, բարձեր կարել, որպեսզի կարողանամ մուտք գործել «Վայլդբերիս» հարթակ: Նպատակներս մեծ են, կամաց-կամաց կիրագործվեն»:
«Նիգ-Կար» տեքստիլի արտադրության հիմնադիր Նիգար Սինանյանն 2024թ-ի դեկտեմբերին «Աջակցություն արցախյան բիզնեսներին» նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ մասնակցեց Գորիսում տեղի ունեցած ամանորյա տոնավաճառին, որը ճանաչելիություն ձեռք բերելու նրա առաջին քայլերից էր։
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։