Արցախից բռնի տեղահանված 26 կին մասնակցեց «Մենք և մունք» ծրագրի հոգեթերապևտիկ արհեստների աշխատարանին Գորիսում

«Մենք և մունք» հումանիտար ծրագրի արհեստների աշխատարանի վերջին երկու հանդիպումները Սյունիքի մարզում բնակվող արցախցի կանանց համար էր: Գորիսում կայացած հանդիպմանը մասնակցեցին մարզի տարբեր գյուղերում ու քաղաքներում բնակվող 26 կանայք իրենց երեխաների հետ:  Աշխատարանի սկզբում նրանք ներկայացան, պատմեցին իրենց մասին, ծանոթացան միմյանց հետ: Մարտակերտից տեղահանված Նարինե Պետրոսյանը հինգ երեխաների մայր է. Նա պատմեց, որ տանը սահմանել են աշխատանքների հերթապահության գրաֆիկ: Պարզվեց, որ կանանցից շատերն են բազմազավակ և նրանց համար իրապես հաճելի էր գոնե մի քանի ժամով կտրվել առօրյա հոգսերից ու խնդիրներից: Հոգեթերապևտիկ երեկոյի ընթացքում արցախցի կանայք մեծ կտավի վրա ասեղնագործեցին գունավոր թելերով, նկարեցին տարբեր պատկերներ ու գրեցին իրենց բարեմաղթանքներն ու երազանքները: Ընթացքում նրանք վերհիշեցին՝ ինչպես էր անցնում կյանքն Արցախում, իրենց բակն ու այգին: Միջոցառումը վարող սոցիալ հուզական ուսումնառության մասնագետ Մարիամ Ալեքսանյանը պատմեց ներկայի վրա կենտրոնանալու կարևորության մասին, ինչպես նաև սովորեցրեց շնչառական վարժություններ, որոնք օգնում են հաղթահարել տագնապը սթրեսային իրավիճակներում: 

Արմինե Զորունցը հիմա ապրում է Խնձորեսկում. պատմում է, որ բռնի տեղահանումից հետո երեք օր Հարարիի կամրջով անցնելուց հետո, երբ հասան Գորիս, նրանց այնքան ջերմ դիմավորեցին, որ նույնիսկ մտքներով չի անցել որևէ այլ քաղաք տեղափոխվել. «Մինչ օրս էլ չեմ ափսոսում, որ այստեղ մնացինք, մեզ շրջապատող մարդիկ շատ սրտացավ են, սարի պես կանգնած մեր թիկունքին, դա բոլորս էլ զգացել ենք: Այդ պատճառով էլ ամենամեծ թվով  արցախցիները վերաբնակվել են հենց Սյունիքի մարզում»:  

Ստեփանակերտից Գորիս տեղափոխված Զոյա Բալայանը պատմեց, որ թեև անսահման սիրել է Գորիսը և սյունեցիներին, սակայն, միևնույն է՝ հույսը չի կորցնում հետ դառնալու իր մաքուր Ստեփանակերտը. «Ես իմ հարազատներին հուսադրում եմ, որ լավ է լինելու, սա ժամանակավոր փուլ է արցախցիներիս կյանքում: Առանց այդ հույսի չեմ պատկերացնում՝ ոնց պետք է դիմանամ»: 

Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասի բնակիչ պատկառելի տարիք ունեցող տիկին Էմման վերջիններից մեկն է տեղահանվել Արցախից. «Երկու տան ժողովուրդ էին մնացել, տղաս ինձ ուժով է հանել իմ տնից: Եկել ու մինչ օրս ապրում ենք Գորիսի «Գորիս» հյուրանոցում:  Երեխաներս արդեն հարմարվել են, աշխատանք են գտել, բայց ինձ համար դեռ շատ ծանր է, ամբողջ օրը մեր տների, մեր բակի նկարներն եմ նայում: Թարմ տեսանյութեր էլ կան, տեսնում եմ՝ ոնց են փոխել ամեն ինչ, սակայն Արցախն առանց արցախցիների երկար չի մնա, ես հավատում եմ»: 

Արհեստների աշխատարանի ամբողջ ընթացքում ազգային երգերի կատարումներով հանդես եկավ «Շուշիկի» բենդի երաժիշտ Թամարա Աթանեսյանը: «Մշո դաշտեր, «Լորիկ», «Թռչեի մտքով տուն» և այլ կատարումներին զուգակցում էին նաև կանայք՝ հաճախ հուզվելով և չկարողանալով զսպել արտասուքը: 

Երկօրյա աշխատարանի ավարտին մասնակից բոլոր կանայք ստացան նվերներ՝  կարի մեքենաներ և գրենական պիտույքներ իրենց երեխաների համար: Կանանցից շատերն արդեն լուրջ փորձ ունեին ձեռքի աշխատանքի, և այս նվերը  նրանց կենցաղային հոգսերը մեղմելու հուսալի տարբերակ էր: 

«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։

Ձեզ կարող է հետաքրքրել