Դերասանի վարպետություն, լուսանկարչություն, հագուստի ձևավորում և կոլաժային արվեստ ուղղություններով չորս աշխատարաններից յուրաքանչյուրի ընթացքում պատանիները ծանոթացան և շփվեցին իրար հետ, ձեռք բերեցին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև կիրառեցին այդ գիտելիքները գործնական առաջադրանքների ժամանակ:
Նոյեմբերի 16-ին և 17-ին Սևան քաղաքում ավել քան 40 պատանիներ Արցախից և Գեղարքունիքի մարզից մասնակցեցին «Մենք և մունք» հումանիտար ծրագրի շրջանակում անցկացվող կրթական երկօրյա արվեստի աշխատարաններին։
Դերասանի վարպետություն, լուսանկարչություն, հագուստի ձևավորում և կոլաժային արվեստ ուղղություններով չորս աշխատարաններից յուրաքանչյուրի ընթացքում պատանիները ծանոթացան և շփվեցին իրար հետ, ձեռք բերեցին ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև կիրառեցին այդ գիտելիքները գործնական առաջադրանքների ժամանակ: Դերասանի վարպետություն աշխատարանի ընթացքում Գեղարքունիքի մարզի ու արցախցի պատանիները ձևավորեցին խմբեր և համատեղ բեմադրեցին տարբեր տեսարաններ, իսկ լուսանկարչության դասն անցավ աղմկոտ ու ստեղծարար մթնոլորտում, քանի որ, պարզվեց, նրանցից շատերն էին արդեն լրջորեն զբաղվում լուսանկարչությամբ և ունեն իրենց հստակ դիրքորոշումները գեղեցիկ կադրի վերաբերյալ:
Մասնակիցներից շատերը աշխատարանների շնորհիվ ձեռք բերեցին նաև նոր հմտություններ։ Արցախի Մարտակերտ քաղաքից՝ Գեղարքունիքի մարզում բնակություն հաստատած 14-ամյա Գոհարը պատմեց, որ նրան առաջին անգամ էին թույլ տալիս աշխատել ասեղի հետ, ու պարզվեց՝ դա այնքան էլ վտանգավոր չէ: Հուլունքներով պատրաստած նրա առաջին թևնոցը գույնզգույն էր ու շատ ամուր: Երկօրյա աշխատարանի ավարտին մասնակիցներն իրենց պատրաստած իրերը տարան իրենց հետ՝ որպես այդ օրվա փոքրիկ հուշ։
«Մենք և Մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։
















