You are currently viewing «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագրի ներկայացումը Գեղարքունիքի երիտասարդներին

«Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագրի ներկայացումը Գեղարքունիքի երիտասարդներին

Հուլիսի 29-ին Սևանի Բիզնեսի և նորամուծությունների կենտրոնում ունեցավ առաջին HoT տեղեկատվական հանդիպումը: Վերջապես հնարավորություն ունեցանք խոսել Գեղարքունիքի երիտասարդների հետ, առկա ձևաչափով նրանց ներկայացնել «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագիրն ու դրանից ակնկալվող արդյունքները: 

Հանդիպման սկզբում ծրագրի ղեկավար Անուշ Ղազանչյանը ներկայացրեց ծրագրի իրականացման հիմնավորումն ու պատճառները, երկու թիրախային մարզերում առկա խնդիրներն ու HoT Ակադեմիա ծրագրով նախատեսված գործողությունները, որոնցով ցանկանում ենք նպաստել տուրիզմի ու հյուրընկալության ոլորտում երիտասարդների զբաղվածության ու ձեռներեցության աճին:

Մեզ հետ էին նաև HoT հյուրընկալներն, ովքեր ինտերակտիվ կերպով ներկայացրին իրենց մոդուլների կառուցվածքն ու այն կարևոր հմտությունները, որոնք HoT ուսանողները ձեռք կբերեն ծրագրին մասնակցության արդյունքում: 

Տեղեկատվական հանդիպման մասնակիցները ծանոթացան վիրտուալ աշխարհում արդի հարթակներին ու  հմտություններին` անհրաժեշտ թե՛դասընթացին մասնակցության, թե՛ առհասարակ աշխատանքային ու առօրյա կյանքում: Հանդիպմանը ներկա երիտասարդներից ոմանք ցանկություն հայտնեցին դառնալ HoT դեսպաններ ու առաջնորդել ծրագրին մասնակից իրենց հասակակիցներին ողջ ծրագրի ընթացքում:

Հաղորդակցության գրագիտության մոդուլի հյուրընկալ Սերգեյ Թանթուշյանն, ով հարգելի պատճառներով ներկա չէր հանդիպմանն, իր ողջույնները հղեց տեսաուղերձի ձևով՝ ներկայացնելով, թե ինչու է կարևոր արդյունավետ հաղորդակցությունը, զրուցակցին ուշադիր լսելն ու տեղին հարցեր տալը:

Ունենալով հարուստ փորձ ձեռներեցության ոլորտում և լինելով երկու հաջողակ նախաձեռնությունների համահիմնադիր՝ Սերգեյ Թանթուշյանը խոսեց նաև ձեռներեցության, դրա համար անհաժեշտ հմտությունների և դասընթացի կառուցվածքի, ձևաչափի և ակնկալվող առաջադրանքների մասին:

Հյուրընկալության ոլորտի իրենց բառապաշարն ու գիտելիքները սևանցի երիտասարդները ստուգեցին խմբային խաղի միջոցով, որը ցույց տվեց, որ նրանք բավականաչափ տեղեկացված ու գիտելիքներով զինված են: 

Տաթև Հարությունյանը ներկայացրեց դասընթացի նպատակները, օտար լեզվով հաղորդակցության նրբությունները՝ շեշտելով, որ աշխատանքի ընդունելության նախապատրաստություն ևս սպասվում է: Կարևոր էր նշել, որ մասնակիցները խմբերի են բաժանվելու՝ ըստ իրենց արդեն իսկ ունեցած գիտելիքնեի ու լեզվի իմացության մակարդակի: 

Ֆինանսական գրագիտության մոդուլի հեղինակ Արմենուհի Հովակիմյանն էլ վստահեցրեց, որ HoT ուսանողները մոդուլի ավարտին  կտիրապետեն տնտեսագիտության հիմնարար սկզբունքներին, կկարողանան կազմել անձնական բյուջե, պարզ ֆինանսական պլանավորում  և պարզ տնտեսական հաշվարկներ կատարել, կիմանան տարբեր տեսակի ֆինանսական կազմակերպությունների մասին, կծանոթանան ֆինանսական աշխարհի նոր գործիքներին ու դրանց կիրառմանը, կարդալ ու հասկանալ տնտեսական վիճակագրությունը:

«Յուստուս» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Սուսաննա Գրիգորյանը խոսեց աշխատանքային իրավունքների ու պարտականությունների՝ շեշտելով պայմանագրերի կարևորությունն ու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, ինչպես նաև բիզնես և հարկային իրավունքի մասին: Երիտասարդներն աշխատանքային պայմանագրի օրինակի շուրջ իրենց դիտարկումներն արեցին՝ ներածական տեղեկություններ ստանալով տարածված խախտումների և իրավունքների վերականգման ուղիների մասին: 

 

Ծրագրի համար առանցքային Հյուրընկալության մոդուլի հյուրընկալ Անի Շալժյանը խոսեց ոլորտի ճյուղերի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ու մասնագիտությունների, ինչպես նաև որակյալ ծառայությունների մատուցման կարևորության մասին: Նա նաև ընգծեց զբոսաշրջիկների աչքում որպես հյուրընկալ ազգ բրենդավորվելու գաղափարը:

Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու լուծման ուղիները, ինչպես նաեւ ներկայացվեց կրթական մոդուլի կառուցվածքը:

Խաղեր, զրույցներ, հարցուպատասխան՝ հանդիպումը հագեցած էր ու հետաքրքիր: Մասնակիցներից շատերը ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ: Վստահ ենք՝ այսպիսի հանդիպումները շատ կլինեն ու կկարողանանք տեղում ծանոթանալ երիտասարդների տեսակետներին ու առաջարկներին, որպեսզի ծրագիրը առավելագույնս հարմարեցված լինի նրանց կրթական կարիքներին: